28/12/2023 20:36
Նեյտրոֆիլներ․ Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հանձնել թեստը
Նեյտրոֆիլները սեգմենտակորիզավոր և ցիտոպլազմայում նեյտրոֆիլային հատիկներով լեյկոցիտների տեսակ են, որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմի՝ բակտերիալ վարակներից պաշտպանողականության ապահովումն է:
Նեյտրոֆիլները կազմում են ամբողջ լեյկոցիտների 50-70%-ը: Դրանք ունեն 13-15 մկմ տրամագիծ: Առողջ մարդու արյան մեջ կարող են հանդիպել երիտասարդ նեյտրոֆիլներ, որոնք ունեն խոշոր լոբաձև կորիզ և ցուպիկա-կորիզավորներ, որոնց կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։
Արյան նեյտրոֆիլները կամ նեյտրոֆիլային գրանուլոցիտների պաշտպանողական ֆունկցիան կայանում է օրգանիզմ ներխուժած բակտերիաների ճանաչման, կլանման և ոչնչացման մեջ: Օժտված են ֆագոցիտոզով, կլանում են բակտերիաններ, հյուսվածքների քայքաման արգասիքներ։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա։
Նեյտրոֆիլներն օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանական համակարգի կարևոր տարրերն են, սինթեզում են հումորալ գործոններ՝ կոմպլեմենտ, լիզոցիմ, ինտերֆերոն, լակտոֆերին: Այս բջիջները մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը:
Նեյտրոֆիլների կյանքի միջին տևողությունը 15 օր է, որի մեծ մասն անցնում է կարմիր ոսկրածուծում, որտեղից արյան հուն գաղթելուց հետո՝ 8-10 ժամ անց հայտնվում են ծայրամասային հյուսվածքներում:
Արյունատար հոսքում առկա նեյտրոֆիլների շուրջ կեսը դառնալի կերպով կպչում է անոթների ներքին մակերևույթի էնդոթելիալ բջջներին: Վարակիչ գործոնի շփման, սթրեսի, ֆիզիկական լարվածության, հիպօքսիայի և այլ խթանման ժամանակ արյան հունում առկա նեյտրոֆիլների խտությունը կարող է կտրուկ աճել կարմիր ոսկրածուծից դեպի արյան հուն այս բջիջների ուժեղացված տեղափոխման, ինչպես նաև առպատային նեյտրոֆիլների մոբիլիզացիայի միջոցով: Ահա թե ինչու օրվա, նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում նեյտրոֆիլների թիվը կարող է զգալիորեն փոփոխվել:
Նեյտրոֆիլիան (նեյտրոֆիլների քանակի զգալի բարձրացումը) նեյտրոֆիլների բացարձակ թվի բարձրացումն է միկրոլիտրում 7,5 հազար և ավելի բարձր ցուցանիշների, իսկ նեյտրոպենիան (նեյտրոֆիլների քանակի զգալի նվազեցումը)՝ դրա կրճատումը միկրոլիտրում 1,8 հազար և ավելի ցածր ցուցանիշների:
500/մկլ մակարդակի հասնող նեյտրոպենիան կարող է առաջացնել օրգանիզմի իմունային համակարգի լուրջ խանգարումների:
Հետազոտության ցուցումներն են՝
պլանային կանխարգելիչ հետազոտություն,
հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում,
հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն։
Նեյտրոֆիլներ թեստի համար հանձնվող կենսանմուշն է երակային արյունը։
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին՝ քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն