28/12/2023 20:58
Հունգարիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող քաղաքական ուժը դեմ է, որ Ուկրաինան ԵՄ անդամ դառնա
Եվրամիությունը պետք է ձեռնպահ մնա Ուկրաինային իր կազմ ընդունելուց, քանի որ դա ամբողջությամբ կփոխի կառույցի ֆինանսավորման համակարգը, ինչը ծայրահեղ բացասական հետևանքներ կունենա ԵՄ տնտեսության համար, Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի կոալիցիոն կառավարության անդամ հանդիսացող Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության առաջնորդ Իշտվան Շիմիչկոն։
«Իրական խնդիրն այն է, որ ԵՄ կառույցներից ոչ մեկը խորությամբ չի ուսումնասիրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետևանքները, այնինչ կասկածից վեր է, որ ուկրաինական տնտեսության աղետալի վիճակի, հսկայական տարածք ունեցող այդ երկրում կոռուպցիայի աներևակայելի բարձր ռիսկի պատճառով լիովին կփոխվի ԵՄ-ի գործող ֆինանսավորման համակարգը, կխաթարվի նաև գյուղատնտեսական հողերի սուբսիդավորման կարգը, էլ չեմ խոսում այն մասին, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու համար իրավական կամ այլ պայմաններ չկան։ Ի դեպ, ի՞նչ սահմաններով է Ուկրաինան միանալու ԵՄ-ին։ Չպետք է մոռանանք, որ այդ երկիրը պատերազմում է Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ լքել են իրենց հայրենիքը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է նաև, որ կարեկցում է ուկրաինացիներին, որոնք ավելի լավ կյանքի են արժանի, սակայնշատ հարցեր կան՝ կապված ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի հետ, իսկ այդ հարցերին պաշտոնական ու հուսադրող պատասխաններ դեռ չկան։
«Առանց այդ պատասխանների՝ Ուկրաինան չի կարող ԵՄ անդամ դառնալ»,- ասել է Իշտվան Շիմիչկոն։