28/12/2023 21:20
Իսպանիան հայտարարել է, որ մեծացրել է իր ռազմական ներկայությունը այլ երկրներում
2023 թվականի ընթացքում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի առաքելություններում և գործողություններում ներգրավվել է գրեթե 12 հազար իսպանացի զինծառայող, հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարարությունը։
«Այս տարի Իսպանիան մեծացրել է իր ռազմական ներկայությունը այլ երկրներում՝ այն հասցնելով 11978-ի․ զինծառայողներից 10813-ը տղամարդիկ, իսկ 1165-ը՝ կանայք են, ովքեր մասնակցել են ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաքելություններին: Իսպանիան ու Իտալիան եվրոպական առաքելություններին ամենաշատ ռեսուրսներ ու անձնակազմ տրամադրող երկրներն են՝ ընդհանուրի ծավալի մոտ 20%-ը»,- նշված է Իսպանիայի ՊՆ հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Մադրիդը շարունակել է իր պարտավորությունների կատարումը Եվրոպայի արևելյան հատվածում ու Լատվիայում։ «Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ պայմանավորված՝ այդ առաքելությունն ուժեղացվեց, ավելացավ զորքերի թվակազմը, և մեր երկիրը դարձավ երկրորդը՝ զինվորական անձնակազմի տրամադրման և առաջինը՝ մարտական ներուժի տեսանկյունից»,- նշել են Իսպանիայի ՊՆ-ում։