28/12/2023 14:21
«Մեր զինվորն ուրիշ է»․ Տիգրան Մանսուրյանն առաջնագիծ է այցելել
«Hayzinvor.am»-ը գրում է․
«Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.
-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.
-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:
Դե, իհարկե, կարելի է, ուրախանում եմ. ուրեմն՝ վստահ է, առողջությունը ներում է, ուրեմն՝ մեզ ջերմ հանդիպում է սպասվում:
Դեպի զորամաս տանող ճանապարհը կարճում են մաեստրոյի հետ հոգեպարար զրույցները: Նրա հետ ցանկացած թեմայով զրույցը թե՛ հաճելի է և թե՛ զորացնող: Ինքը՝ Տիգրան Մանսուրյանը, մանկան պես անմիջական է ու իր ծերունազարդ տարիքին, մարդկային ազնվական ու ազնվագույն տեսակի մեջ անպարագիծ իմաստուն: Պարզվում է՝ մաեստրոյին անձամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին «փոխգնդապետի» կոչում է շնորհել:
-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող, ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:
-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:
-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:
-Մեր լայն հասարակության, զինվորների համար ավելի հոգեհարազատ ու ճանաչված են հատկապես ֆիլմերի համար գրված Ձեր երաժշտությունները՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Կտոր մը երկինք»: Ինչպե՞ս ծնվեցին այդ մոտիվները,- հարցնում եմ»:
-Ես ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ մինչև «Կտոր մը երկնիք»-ը աշխատել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վրա: Ի դեպ, նույն տարում գրեցի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այդ ժամանակներից դեռ իմ մեջ տպավորվել է Հենրիկ Մալյանի, եթե կարելի է այսպես ասել, չմիջամտելու աշխատաոճը: Երբ եկավ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը գրելու ժամանակը, իսկ ֆիլմը բավականին բազմաշերտ է, սպասում էի, որ ինչ-որ բան ասի՝ ցանկություն, ոճի նախընտրանք: Իսկ նա լռում էր: Հետո պիտի հասկանայի, որ ինձ այդ դրության մեջ դնելը՝ հարցականների տարածք մտցնելը, հատուկ էր արվում՝ ստեղծագործական լիարժեք ազատություն ստանալու համար: Մեկ նախադասություն միայն ասաց ինձ. «Սիմֆոնիկ թող չլինի»: Դրա տակ հասկանում էր որոշակի մի գեղագիտություն. պարզ, հասկանալի մոտիվներ, որոնք կդիպչեին մարդկանց սրտերին: Ֆիլմն արդեն նկարվել էր, մոնտաժը Հենրիկ Մալյանի տիկինն էր անում, և դժգոհ էր ֆինալից:
Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ Թորիկը ֆայտոն է նստեցնում Անժելին և հայտարարում՝ «Կնիկս բաղնի՛ք պիտի երթա»: Նրա կարծիքով՝ չէր ստացվել այդ պատկերը: Նա դժգոհում էր, իսկ մենք զբաղված էինք պատկերի տակ երաժշտությունը տեղադրելով: Մեկ էլ, որ երաժշտությունը դրեց… անմիջապես դժգոհությունը վերացավ,- ուրախ ծիծաղում է մաեստրոն,- ամեն ինչ իր տեղն ընկավ: Շատ անսովոր համընկնումներ եղան այդ ֆիլմի ստեղծման ընթացքում: Շատ արտասովոր համընկնում եղավ Թորիկի դերակատարի՝ Աշոտ Ադամյանի՝ ֆայտոնի մեջ ձեռքերը տարածելու, բերանը բացելու և ճչալու պատկերի հետ: Երաժշտությունը տեղադրելիս այնպես ստացվեց, որ շեփորն իր բարձրակետին հասավ, երբ Թորիկը գոռում էր ձեռքերը տարածած, ու թվում է, թե հենց ինքն է շեփորի ձայնով գոռում: Սկզբում Մալյանը մտածեց, որ արհեստական կարող է հնչել այս համընկումը, փորձեցինք տեղաշարժել, բայց հետո հասկացանք, որ շատ լավ է, և հենց այդպես էլ մնաց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։