28/12/2023 10:53
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կլուծվեն քաղաքական կամքի առկայության դեպքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում:
Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, նրանց խնդիրն է Հարավային Կովկասից դուրս մղել Մոսկվային։