28/12/2023 12:18
«Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ». եթե քաղաքացին 15 օրում վճարի ճանապարհային երթևեկության խախտման տուգանքի կեսը, մյուս կեսը կհամարվի վճարված (Տեսանյութ)
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի կեսը, մյուս կեսը կհամարվի վճարված. նման նախագիծ է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը, որն այսօր քննարկվեց կառավարության նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե քաղաքացին Police.am կայքում գրանցվի ու խնդրի իր ծանուցումներն ուղարկել էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ կստանա։
«Ես կարծում եմ, որ մենք տրամաբանությունը մի քիչ պետք է փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով։ Ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 տոկոս։ Մի արձանագրում՝ մենք պետ է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին Police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, ու պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով, այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պետք է անպայման անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե եթե խրախուսող նորմեր չդնեն՝ թվայնացման պրոցեսը շատ ավելի դանդաղ կգնա։
Նա նշեց, որ տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, հիմա առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 70 տոկոսը վճարում է, պարտքը զրոյանում է։
«Բայց ես կարծում եմ, որ պետք է 50 տոկոսով զեղչը կիրառենք»,- հավելեց Փաշինյանը։
Նա հիշեց իր հայտնի հայտարարությունը, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։
«Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- նշեց վարչապետը՝ նկատի ունենալով բալային համակարգը։
Վարչապետն առաջարկեց այս նախագիծն այսօր չքվեարկել. գուցե, կառավարության հաջոդ նիստին ընդունեն։