28/12/2023 14:51
Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ արտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Համարտադրող կողմերից յուրաքանչյուրն իր երկրում համատեղ իրականացվող կինոնախագծի համար պետք է ստանա համատեղ արտադրության կարգավիճակը փաստող հավաստագիր: Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ վարձութային շուկայի ընդլայնում:
Նշված կարգավիճակը դեռևս չի գործում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոլորտի բարեփոխման նպատակով այն սահմանվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով և ներկայում ենթակա է կիրարկման: Միաժամանակ, այն ապահովում է համատեղ ֆիլմարտադրության շրջանակում կողմերի համահավասար կարգավիճակի իրավական կողմը: Օրինակ՝ Eurimages-ը, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջում է, որ աջակցվող նախագծերն ունենան համատեղ արտադրության պաշտոնական կարգավիճակ:
Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։
Ըստ այդմ՝ համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու կարգով սահմանվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, որոնք կնպաստեն ազգային ֆիլմերի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը, ինչպես նաև ազգային ֆիլմերի միջազգային տարածմանը:
Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է Ազգային մարմինը, որի ստեծումն այժմ ընթացքի մեջ է: