29/12/2023 16:15
Վիվա-ՄՏՍ․ կայուն զարգացում ապահովող սոցիալական ներդրումներ՝ նորարարական լուծումների կիրառմամբ
Վիվա-ՄՏՍ-ը՝ լինելով Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, իրականացնում է սոցիալական ներդրումներ՝ հիմնված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վրա։ Այն հայկական առաջին ընկերությունն է, որն սկսել է կիրառել ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որն սկսել է առաջնորդվել սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով։
Որպես կառավարման կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ում ԿՍՊ-ն դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
Սոցիալական ներդրումները կայուն զարգացման հիմքն են: Վիվա-ՄՏՍ-ը երկարատև համագործակցությունից հետո դադարեցնում է աջակցությունը ինքնաբավություն ձեռք բերած առանձին նախագծերի, ինչն այդ նախագծերին թույլ է տալիս ձեռք բերել նոր գործընկերներ ու հովանավորներ: Միաժամանակ՝ Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել այն նախագծերին, որոնք դեռևս ունեն կայուն զարգացման և աջակցության կարիք:
«Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ։ Մենք վստահ ենք, որ որպես տնտեսավարող կառույց, կարողացանք ընկալելի դարձնել ԿՍՊ-ի կարևորությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ հետևում են մեր օրինակին և ներդնում են ԿՍՊ հայեցակարգ՝ հասարակությանն աջակցելու իրենց ծրագրերում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
2023 թվականին, ընդհանուր առմամբ, Վիվա-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների համար հատկացրել է 221 միլիոն 230 հազար դրամ, իսկ 17 տարիների ընթացքում՝ 27,8 միլիարդ դրամ։ Այս տարի ընկերության գործընկերների շարքը համալրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որն իր՝ սոցիալական աբիլիտացիայի, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում ապահովում է աուտիզմով և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների և զբաղվածության ապահովմամբ։ Առողջապահության ոլորտում շարունակվում է «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությունը, որի շրջանակում մանկական ուղեղային կաթվածով երեխաներն օգտվում են անհատական օգնականի ծառայությունից։
Ընկերությունը շարունակել է իր ներդրման ծրագրերը նաև ՏՀՏ կրթական ոլորտում, մասնավորապես հանդես է գալիս որպես Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկեր, շարունակել է աջակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction» ծրագրին, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափ ընկերություններին աճել և ներգրավել ներդրումներ։ 2023 թ.-ին «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարեց «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասին, որի շրջանակում 12 դպրոցական հիմնարար գիտելիք կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ և կուսումնասիրի հաջողակ ստարտափ ընկերությունների փորձը: Նախորդ տարիների նման՝ 2023-ին ևս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ գործակցությամբ, աջակցություն է ցուցաբերվել սմարթ լաբորատորիաներին։
Բնապահպանական ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «My Forest Armenia» կազմակերպությանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության (FPWC) հիմնադրամին։ Վիվա-ՄՏՍ-ը կանգնած է նաև մարզերի կողքին՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստելով գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Ընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախմբին, որը 30 տարի շարունակաբար բարձր է պահում Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր բեմերում։
Որպես ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ՏՀՏ այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելության մեծացմանը:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։