29/12/2023 12:50
Որքան էլ խորապես անհանգստացած ենք «Կովերի պարտեզ»-ում տիրող իրավիճակից, այդ մասով ոչ մի լիազորություն չունենք. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ
Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք զինված սադրիչների ներխուժման հետևանքով Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներից հայ երիտասարդներ են ձերբակալվել։
Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, թաղամասում դարձյալ լարված միջադեպ էր ստեղծվել։ Զենքերով և քարերով հարձակվել էին հայ համայնքի ներկայացուցիչների վրա։
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ գրասենյակը կապի մեջ է համայնքի և պատրիարքարանի հետ. «Չի բացառվում, որ համայնքի ներկայացուցիչներից ոմանք կունենան երկքաղաքացիություն, այսինքն՝ ՀՀ-ի և Իսրայելի քաղաքացիներ են, սակայն մենք նման տեղեկություն չունենք։ Իրականում գրասենյակը, որքան էլ խորապես անհանգստացած է տիրող իրավիճակից, այդուհանդերձ, մենք պետք է ընդգծենք, որ գրասենյակը գրեթե լիազորություններ չունի տիրող իրավիճակի հետ կապված։ Այս գործընթացը բացառապես իրավական է, այստեղ պայմանագիրը կնքող երկու կողմերի միջև է բախումը, որը պետք է լուծվի բացառապես իրավական ճանապարհով և դատական հանգուցալուծում պետք է ստանա։
Գրասենյակը որևէ կերպ չի կարող ներազդել գործընթացի վրա։ Բայց իհարկե մենք լիահույս ենք, որ հրեական իրավական համակարգը թույլ չի տա այլևս նման հարձակում և պատրիարքարանն ու այն կողմը, որի հետ պատրիարքարանը կնքել է պայմանագիրը, դատական կարգով կհասնեն հանգուցալուծման, և պատրիարքարանը կկարողանա «Կովերի պարտեզ»-ի տարածքը պահպանել հայկական։ Հիմա իրավիճակն այսպիսին է, մենք համայնքի ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ ենք, թե ինչպես կարող ենք աջակցել նրանց»։
Ամալյա Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ վերջին տվյալներով՝ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնզյանը.«Այսօր դատական նիստ է տեղի ունենալու՝ կալանքը երկարաձգելու կամ ազատ արձակելու մասով։ Հիմա Երուսաղեմում՝ «Կովերի պարտեզ»-ում, աջակցության հանրահավաք է մեկնարկում՝ հրեա մտավորականների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens» ընկերությանը՝ չեղյալ հայտարարելու 2021 թ. հուլիսի 8-ի համաձայնագիրը, որի համաձայն՝ հողամասը 99 տարով վարձակալության էր հանձնվել գործարար Դանիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոցի կառուցման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ է ստորագրել «Կովերի պարտեզի» տարածքը Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։