29/12/2023 15:58
«Պատերազմն արյան հոտ ունի... ես հասկացա պատերազմ բառի իմաստը». արցախցի բժշկուհի
«Մենք ավանդույթ ունեինք, որտեղ էլ լինեինք, պետք է Նոր տարվա գիշերը գնայինք գյուղ՝ Արցախի Բերդաշեն, տարին դիմավորելու տատիկ, պապիկի հետ: Հայրս փոքր երեխայի պես նեղանում էր, որ հանկարծ հնարավոր է տանը չլինեինք»: Բռնի տեղահանությունից հետո արցախցի երիտասարդ բժիշկ Հերմինե Զարգարյանի ընտանիքն ապաստանել է Երևանում: Նրանց պատմությունը ներկայացնում է Mediahub.am-ը։
Սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հերմինեն որոշում էր կայացրել․ այլևս բժշկությամբ չի զբաղվելու։ Պատճառը՝ Արցախում տեսածն ու ապրածն է։
«Բայց երբ տեղափոխվեցինք Հայաստան, հասկացա, որ այս օրերի չխելագարվելու միակ փրկությունն աշխատանքն է։ Հիմա աշխատում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, շարունակում եմ իմ մասնագիտական գործունեությունը»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին բժշկուհի Զարգարյանը աշխատանքի էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում։ Կեսօրին տնօրենի մոտ խորհրդակցություն էր, երբ Արցախի մայրաքաղաքը սկսվեց հրետակոծվել։
«Առաջին պայթյունին ուշադրություն չդարձրեցինք, երկրորդից հասկացանք, որ իրավիճակը լուրջ է: Սա իմ կյանքի առաջին պատերազմն էր, որին ես պիտի ականատես լինեի: Միանգամից գնացի Emergency, զանգեցի ծնողներիս, գյուղում էին իրենք, կապ չկար, եղբորս էի զանգում, որ իմանայի գոնե երեխային մանկապարտեզից վերցրե՞լ է, թե՞ չէ»,- պատմել է նա: Ոչ մեկի հետ կապ չկարողանալով հաստատել՝ բժշկուհին զանգում է Մարտունու հիվանդանոցի իր ընկերներին, որոնց մասին նույնքան անհանգիստ էր, որքան իր հարազատների։
«Մի պահ կապի դուրս եկան, ասացին, որ լավ են, ու ես հանգստացա: Անզորության զգացողությունը ամենաանտանելին էր, նայեցի դեպի երկինք, Աստծուն խնդրեցի այս անգամ էլ իմոնց խնայի... Չգիտեմ, դուք երբևէ ձեզ «մեղավոր» զգացե՞լ եք զոհերի ընտանիքների մոտ։ Ես հասկանում էի, որ շատ բան եմ խնդրում Աստծուց, բայց խնդրեցի, եթե պարտադիր մեկին՝ ուրեմն ինձ»։
Հետո հանրապետական հիվանդանոցը սկսեց ընդունել առաջին վիրավորներին, նրանց մեջ և՛ զինվորականներ էին, և՛ քաղաքացիական անձինք։
Նրա խոսքով՝ դաժան էր հատկապես արնաշաղախ երեխաների անմեղ աչքերին նայելը։
«Առաջին մահն էր ծանր, հետո բթանում են բոլոր զգայարաններդ: 20-ի գիշերը՝ լուսադեմին, փորձեցինք մի երկու ժամ հանգստանալ, քնել էի նույն պատգարակներին, որոնց վրա քիչ առաջ վիրավորներ էին պառկած, մինչև հիմա արյան հոտը իմ քթերում է: Պատերազմը արյան հոտ ունի... ես հասկացա պատերազմ բառի իմաստը»,- զրույցի ընթացքում դեպքերն ու իրադարձությունները վերհիշելիս սարսափում է Հերմինեն, արտասվում։
Հերմինեն փորձում է չհիշել հաջորդ օրերին կատարվածը, բայց հիշողություններն իրենք են հետապնդում երիտասարդ կնոջը։ Հերթական աղետը եղավ սեպտեմբերի 25-ին. երբ մարդկանց մի մասը դուրս էր գրվում, հիվանդանոցը պատրաստվում էր հիվանդների տարհանմանը, երեկոյան ՀԲԿ-ն ահազանգ ստացավ վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին։
«Մհեր Մուսայելյանն ասաց, որ վիրավորներ են բերում: Մենք նույնիսկ չգիտեինք դրա մասշտաբը։ Ու սկսվեց դժոխքը... Մոտ 100 կիսամերկ տղամարդ՝ անտանելի ցավերով, գոռոցներով, անճանաչելի վիճակում մտան ընդունարան: Ես չգիտեմ՝ ինչպես եմ դիմացել դրան, մի պահ արդեն խելագարվում էի, լացել էի ուզում, ուզում էի չլսել այլևս այդ ձայները, բայց հասկացա, որ մարդիկ իմ կարիքն ունեն, հիմա անձնական ապրումների ու դրամայի ժամանակը չէ: Այդ հոտը, մարդկանց տեսքը, ձայները, ես ապրում եմ մինչև հիմա դրանով: Այդքան մահ ու այդպիսի մահեր ես չէի կարող վատ երազում անգամ պատկերացնել, իմ հետ խոսելուց կամ ջուր խմելուց մահանում էին, աչքիս առաջ: Փորձում ես հաղթահարել, ուրիշին օգնել, երբ քեզ մոտենում է մահացածի մայրը, քույրը, կինը կամ եղբայրը ու դու գիտակցում ես, որ դա ուղղակի մահ չի, քանդվեց մի ընտանիք: Ցավոք, մի ընտանիքից նաև մի քանի հոգի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։