30/12/2023 21:24
«Բելգորոդում իրականացված ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ և Մեծ Բրիտանիան․ Այլ երկրների կողմից տեղի ունեցածին չարձագանքելը համարժեք կլինի մեղսակցությանը»․ Ռուսաստանի ԱԳՆ
Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչության կազմակերպմանն անմիջական մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խորհրդատուները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են նաև․ «Ռուսաստանը բոլոր երկրների կառավարություններին և միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչությունը։ Բելգորոդի վրա Ուկրաինայի հարվածներին այլ երկրների արձագանքի բացակայությունը համարժեք կլինի մեղսակցության՝Կիևի արյունալի հանցագործությանը»։
Հայտարարվել է, որ ռուսական քաղաքի վրա գրոհի բոլոր կազմակերպիչները անխուսափելի պատժի են արժանանալու։
Հիշեցնենք՝ այսօր ռուսական Բելգորոդը կասետային զինամթերքով գրոհի է ենթարկվել Ուկրաինայի ԶՈՒ կողմից։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 14 բնակիչ, այդ թվում՝ երկու երեխաներ, վիրավորները 108-ն են։