30/12/2023 16:04
Ներիր, կորսված Արցախ, հայի աստվածատուր հայրենիք…Կամո Աթայան
Հայատարիք, հնամենի ու հայախոս հազարամյա Արցախ, ներիր «ապրող» հայերիս քեզ անպաշտպան թողնելով՝ դավադիր, դարավոր թշնամու անկուշտ երախը նետելու համար:
Հայի հավատքի ու դպրության սրբատեղիներ՝ Ամարաս, Գանձասար, Դադիվանք, Ղազանչեցոց ու հազարավոր հայաշունչ ու աստվածաշունչ վանքեր, մատուռներ, կոթողներ, աստվածային Ձեր զորությամբ ներեք մեզ՝ ապրողներիս, որ անաստված, աննամուս, անպատիվ ու անթասիբ գտնվեցինք ու Ձեզ հանձնեցինք թշնամու գերությանը:
Պատվով, արժանապատվությամբ իրենց կյանքը ապրած, Արցախը ամբողջական սերունդներին հանձնած և հավերժի ճամփորդ դարձած միլիոնավոր արցախցիներ կներեք մեզ՝ Ձեր անարժան շարունակությանը՝ գերեզմաններն անտեր, անտիրական ու թուրքի կրնկի տակ թողնելու համար:
Տասնյակ հազարավոր նահատակ հերոս հայոդրիներ, այդ դուք էիք հայ ազգի իրական սերուցքը, որ կարողացաք Ձեր կյանքի գնով հայության և նրա պետականության կյանքը մի քանի տասնամյակով երկարաձգել, ներեք, եթե կարող եք, չնայած մենք՝ օր «լուսացնող ու մթնեցնողներս» դրան արժանի չենք:
Շուշի, Ստեփանակերտ, Հադրութ, Ավետարանոց, հարյուրավոր ի սկզբանե հայեցի, հայաշեն ավաններ, քաղաքներ ու շեներ, ներեք, որ այսպես անպատկառ ձևով ձեզ հանձնեցինք թուրքին, այնպես, ինչպես դար առաջ Ղարսը, Վանը, Արդահանը ու մի ամբողջ Հայրենիք…
Թուրքը և չգիտեմ «էլ ինչերը» միավորվեցին «մի ազգ, երկու պետություն, երկու պետություն մի բանակ» հայասպան թեզերով, իսկ մենք իրական, օրգանական հայապահ միությունն ու ամրակուռ միասնությունն ամենաստոր ձևով բեկանեցինք, բզկտեցինք, թուլացրինք և, ի վերջո, սպանեցինք…
Արցախի, հայի ճակատագրի նկատմամբ իրական հետաքրքրություն ցուցաբերած աշխարհի մարդիկ՝ ներեք, որ մեր ու ձեր պայքարը այսպիսի Արցախասպան ավարտ ունեցավ…
Հ.Գ.1.Հայ մարդը շվարած է, նա չի կարողանում ամբողջովին ընկալել տեղի ունեցած ողբերգության աստիճանը, որին նպաստում են նաև տեղեկատվության քաոսը, ստախոսությունն ու իմիտացիան, տեսարանային, թատերականացված իրավիճակները և ներկայացումները, մարդկանց/ու հատկապես մտավոր ոլորտի/ այս ու այն խմբերի սիրաշահումը, պետության մեջ տիրող տեռորը ու նման հասցեական բազում ազգակործան գործողություններ…
Հ.Գ.2.Խնդրում եմ առանց մեկնաբանությունների, պարզապես այսպես եմ մտածում…
2023 թվական, հայի համար մղձավանջի ու ողբերգության տարի, անվերադարձ անցիր պատմության գիրկը…