30/12/2023 10:47
Հայաստանի արտահանելի հատվածը գլորվում է անդունդ. ՊԵԿ նախկին նախագահ
Հայաստանում ոչ արտահանելի հատվածը ծաղկում է, իսկ արտահանելի հատվածը գլորվում է անդունդ, այս մասին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում որևէ գործառույթ չի իրականացրել, որն այս կամ այն ձևով կդիվերսիֆիկացներ տնտեսությունը ու արտաքին ազդեցություն կրող ոլորտային ճյուղերից ստացված տնտեսական օգուտներն արդյունավետ կերպով կուղղվեին տնտեսության արտահանելի ոլորտներ»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Անանյանը:
Նրա խոսքով` կապիտալ շինարարությունն ու ենթահամակարգերի շինարարությունն այսօր պետք է ծաղկեցնել:
Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` Հայաստանի իշխանությունն ավելի շատ հետապնդում է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նպատակներ:
Անանյանը նշել է, որ այս կառավարությունը հակված չէ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք երկարաժամկետ արդյունքներ կապահովեն, հակառակը, փորձում է կարճաժամկետում արդյունքներ ստանալուն միտված ծրագրերով առաջնորդվել, քանի որ ունի վերարտադրվելու ցանկություն։
«Տնտեսությունն ու քաղաքականությունն իրար հետ շաղկապված են, ավելին՝ շատ դեպքերում ասում են՝ տնտեսությունն է թելադրում քաղաքականություն»,- ընդգծել է Անանյանը: