30/12/2023 10:32
Խաղաղապահները Ղարաբաղում կլինեն մինչև 2025 թվականի նոյեմբերը. այս հարցը բացառապես քննարկում ենք Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳ փոխնախարար
Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։
«Ոչ ոք չի չեղարկել այս փաստաթուղթը, այն նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ»,- հավելել է նա։
«Իհարկե, իրավիճակը տեղում կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, որն ապահովվել է ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպումից։ Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ, դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է նա։