31/12/2023 22:01
2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ վերադարձ Արցախ. Վրթանես Սրբազան
Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճը իր հարկի տակ էր համախմբել մի քանի տասնյակ արցախցի փոքրիկների` իրարից կարոտն առնելու։ Փոքրիկները Արցախի Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գյուղերի կիրակնօրյա դպրոցների սաներն էին` իրենց հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ, հայտնում է «Արցախպրես»-ը։
Հանդիպմանը ներկա էր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Միջոցառումը մեկնարկել է աղոթքով։
ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են, որ հանդիպման նպատակը համախմբվածությունն ամուր պահելն է։ Միջոցառումն առանց ամանորյա անակնկալների չի անցել․ 60 երեխաների սպասում էին տոնածառի տակ դրված նվերները։
Սրբազան Հայրն իր խոսքում շեշտել՝ պիտի արժևորենք այն կարևորը, որ մեզ տվեց Աստված՝ կյանքը․ «Պետք է հաստատուն պահենք մեր վերադարձը Արցախ և այն ամրագրենք որպես հաղթական վերադարձ։ 2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ։ Այդ գաղափարը պիտի դառնա ապրելակերպ»։
Վրթանես Սրբազանը հավելել է՝ այդ գործում մեծ դեր ունեն նաև երեխաները։ Նա հորդորեց բոլոր արցախահայերին չարտագաղթել Մայր Հայաստանից.«Այստեղ կարող ենք համախմբված, միասնական լինել մինչև տուն վերադառնալը»։
«Մենք կորցրինք մեր չքնաղ Արցախը՝ մեր հայրենիքը, բայց չկորցրինք հույսը, որ պիտի վերադառնանք»,- ընդգծել է Տեր Հովհաննեսը, ով Սուրբ Հակոբավանքի վանահայրն էր։
Տեր Հովհաննեսը կոչ է արել երեխաներին՝ հաճախել իրենց համայնքներում գործող եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներ։ Միևնույն ժամանակ ներկաներն ընդգծել են Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները պահպանելու անհրաժեշտությունը, որը նաև համախմբող դեր ունի։
Հանդիպմանը դրամական օգնություն է ցուցաբերվել պատերազմի ժամանակ զոհված հայորդիների ընտանիքներին։
Նվերներն ու դրամական աջակցությունը տրամադրվել են բարերարներ Վարդան Մանուկյանի և Գրիգորի Հայրապետյանի հովանավորությամբ։