02/01/2024 11:07
Ընդդիմությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և փոխի այս իրադրությունը
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե իրավիճակը, որում հայտնվել ենք մենք և մեր պետությունը (այսինքն՝ մի իրավիճակ, երբ պատերազմում պարտությունից հետո ապաշնորհ իշխանությունը շարունակում է իր դիրքերը պահպանել, իսկ ժողովուրդը վերընտրում է նրան, թեև այդ իշխանությունը շարունակում է անհետևողականություն և ապաշնորհություն դրսևորել, ինչը բացասաբար է անդրադառնում դեպքերի հետագա ընթացքի և հասարակության համախմբման վրա՝ հանգեցնելով տարածքների կորստի), անհրաժեշտ է դիտարկել նաև քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից։
Նախևառաջ, քաղաքական փիլիսոփայության մեջ կա «իշխանության լեգիտիմություն» հասկացությունը, որը ենթադրում է, որ իշխանությունն ունի պետությունը և ժողովրդին կառավարելու օրինական և բարոյապես հիմնավորված իրավունք: Ակնհայտ է, որ լեգիտիմության բաղադրիչներից առնվազն մեկը բացակայում է, և այն, որ պատերազմում պարտված ոչ կոմպետենտ իշխանությունը պահպանում է իր իշխանությունը, հակասում է ընդհանուր ընդունված քաղաքական նորմերին:
Այս իրավիճակը կարելի է բացատրել մի քանի գործոններով. նախ, հնարավոր է, որ ժողովուրդը հետպատերազմյան ապատիայի պայմաններում իշխանությանը այլընտրանք չտեսնելով (հստակ առաջնորդների բացակայություն, որոնք կարող են երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր առաջարկել) և կայունության կարիք զգալով, նախընտրի պահպանել գործող իշխանությունը՝ չնայած նրա անկարողությանը հաղթահարել խնդիրները։
Երկրորդ, ապաշնորհ իշխանության պահպանումը կարող է պայմանավորված լինել հասարակության պատմական, էթնիկական կամ «դասակարգային» տարբերություններով: Թերևս պատերազմում պարտվելն ու տարածքների (ներառյալ՝ Հայրենիքի մի մասի) կորուստը պատրվակ են դարձել խմբերի և «դասակարգերի» միջև կոնֆլիկտների համար, և իշխանություններն օգտագործում են այս իրավիճակը իրենց քաղաքական առավելությունը պահպանելու համար։
Սակայն հասարակության աճող պառակտվածությունը և անգործունակ իշխանության համառությունը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։ Հասարակության մասնատվածությունը և տարածքների կորուստը բացասաբար են անդրադառնում պետության տնտեսության, անվտանգության և միջազգային կարգավիճակի վրա (տնտեսությունն իրապես չի զարգանում, տնտեսական ակտիվության ներկայիս ցուցանիշների աճը զգալի ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև արտահանելի ապրանքների և ծառայությունների թողարկման արդյունք չեն)։
Այս իրավիճակի պահպանման պարագայում, երբ գործնականում բացակայում են ապաշնորհ իշխանությունը փոխելու արդյունավետ մեխանիզմները, կարող են խարխլվել ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները։
Ահա նման իրավիճակում է, որ քաղաքական կոնտրէլիտան, այսինքն՝ ընդդիմությունը, պետք է քննության ենթարկի իրեն՝ պատասխանատվություն ստանձնելով և գործելով դրությունը փոխելու ուղղությամբ։
Ընդդիմությունը պետք է ձգտի մոբիլիզացնել ժողովրդին, կազմակերպել ժողովրդական շարժումներ ու ընդվզումներ՝ հիմնված օրինական և ոչ բռնի մեթոդների վրա։ Կարևոր է, որ ընդդիմությունն առաջարկի պետության վերականգնման և տարածքային ամբողջականության պահպանման քաղաքական այլընտրանք և համոզիչ ծրագիր։
Չնայած ժողովրդական շարժումների, քաղաքացիական անհնազանդության և պոտենցիալ հակամարտությունների հետ կապված բարդությանն ու ռիսկերին, քաղաքական համակարգում դրական փոփոխություններ մտցնելը միայն կարող է կարևոր քայլ լինել օրենքի գերակայության վերականգնման ուղղությամբ, որը կարող է լուծել հասարակության խնդիրները և դիմակայել ապակայունացնող գործոններին:»: