03/01/2024 12:28
ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը․ Ղազախստանի նախագահը՝ 2022-ի իրադարձության մասին
Քաոսի և անարխիայի պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահ զորախումբ մտցնելու համար։
Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով, որ դիմումն ուղղված է եղել ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը․
«Այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցել է Ղազախստանին»։
Նրա բնութագրմամբ՝ ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։
«Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն, նրա զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի, ընդ որում՝ ժամկետից շուտ։
ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները:
Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է նա։