03/01/2024 15:52
Տոնը մարդու հոգում պիտի լինի․ Հայաստան վերադարձած գերու ընտանիքը տարին դիմավորում է նոր հասցեում
Դեկտեմբերի 13-ին Հայաստանին վերադարձրած գերիների մեջ Իսանյանների ընտանիքը պատահական ընթերցեց որդու՝ Արենի անունը։
Վերջինս ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Զինակից ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Նրանցից մեկը եղել է վիրավոր վիճակում։ Արենը որոշել է մնալ վիրավոր ընկերոջ մոտ, մյուսները անտառային ճանապարհով շրջանցել են ադրբեջանական հենակետն ու փրկվել։ Հետո Արենին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում են տեսել, երբ ադրբեջանցի զինծառայողները մոտենում են նրան, իբր «օգնություն ցուցաբերում»։
Արենը հիմա Հայաստանում է։ Իսանյանների ընտանիքը տարեմուտի շրջանակում հյուրընկալվել էր MediaHub-ի լրատվական թիմին։ Արենի հայրը՝ Արայիկը, զրույցում մերթ ուրախանում էր, մերթ մտքերի գիրկն ընկնում, հասնում Արցախ։
«Իհարկե՛ տրամադրություններն անչափելի են, որդիս տուն է եկել։ Ես գիտեի, որ կգա, սպասում էինք, բայց չէի պատկերացնում, որ այսքան շուտ կլինի նրա գալը։ Հիմա Նոր տարին մեր ընտանիքի համար դարձավ իսկական նո՛ր տարի»,- ասում է հայրը։
Արայիկը մտահոգվում է, որ առաջին անգամ ամանորյա տոներն Արցախում չի նշելու։ Տանը, որտեղ ապաստանել է նաև դստեր ընտանիքը, տոնածառ չեն տեղադրել, ասում է․ «Տոնը մարդու հոգում պիտի լինի, ոչ թե աչքին տեսանելի ծառում».
«Ուրախ եմ, որ տղաս տանն է, բայց քանի քանիսի տղաներն այդպես էլ չվերադարձան»։
Մեր հորդորով Արայիկը թոռնիկների համար խոստացավ ծառը զարդարել, որ երեխաներն ուրախանան, կտրվեն տան մեծերի ամենօրյա խոսույթից, որոնք հիմնականում կարոտի ու կորստի մասին են։
Արենը, որ 2,5 ամիս մնացել է Բաքվի բանտում, վերադարձել ու անմիջապես ինտեգրվել է նոր կյանքին․ օգնում է հորը, թոթափում տեղահանությունից հետո առաջացած հոգսը։ «Որդուս ապագան էլ կապված է Հայաստանի հետ։ Պիտի ապրենք, նորից ստեղծենք»,- ասում է 50-ամյա տղամարդը, լուռ ժպտում, անցնում գործի։
Տարեմուտի սեղանն այս տարի չափազանց համեստ է, ինչպես Իսանյանների ընտանիքը՝ մեծից փոքր։