04/01/2024 18:27
«Մտահոգություններն ու անհանգստություններն առավել խորանում են». ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում ծանոթացել են խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջարկներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին ու համատեղ հայտարարություն տարածել:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։
Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Aysor.am-ին հաստատել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի վերջին առաջարկները:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովըն էր հայտարարել, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին:
Նա նշել էր, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է ու ակնկալում է, որ կողմերի հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։