04/01/2024 11:32
«Շատ դառնացած եմ». Նիկոլ Փաշինյանը լրջագույն պրոբլեմներ է արձանագրել մարզերում (տեսանյութ)
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 2-րդ փողոց 44/1 հասցեով գրանցված, 0.137621 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։
Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Ֆիոլետովո համայնքը տեղեկացրել է, որ Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մարզեր կատարած այցերի ընթացքում տեսել է, որ կառավարության ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ կան:
«Դպորցներում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ ու ուզում եմ դրանց մի մասը կիսել ձեզ հետ, գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ ու գույքի որակի խոտանի հետ»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով` մի քանի հազար դրամ այս կողմ-այն կողմ անելու համար «ինչ ասես բերում կախում են»:
«Սա անթույլատրելի է, տնայնագործությունից պետք է դուրս գալ»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որտեղ գնում է` ջուր է կաթում:
«Հինգ ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, դրա համար հատուկ գիտելի՞ք է պետք»,- նշեց նա` շեշտելով, որ Հայաստանում խորը նստած է «պրարաբային կուլտուրան»:
Վարչապետը հայտարարեց` կոմպրոմիսների չի գնալու, ամեն ինչ կունենա հետևանք:
«Շատ դառնացած եմ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա մարզպետներին հանձնարարեց նայել, թե ինչ է կատարվում:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր բազմաթիվ խնդիրներ ու հայտարարել` «չեմ հանդուրժելու»:
Այսօր նա Արմեն Ղուլարյանին ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ազատել է պաշտոններից: