04/01/2024 19:08
Ղարաբաղի հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից. այս պահին որևէ լուրջ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար. Ալիևի օգնական
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի տեքստում, սակայն չլուծված հարցերը մնում են, «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր վայրերում՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը հասնելու համար: Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն, և մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը: Նշանակալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռևս կան մի քանի չլուծված հարցեր», - ասել է նա:
Հաջիևի խոսքով՝ «Ղարաբաղի հարցը ամբողջությամբ հանվել է օրակարգից»:
«Այս պահին մենք որևէ լուրջ խոչընդոտ չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման համար, այժմ մենք տեսնում ենք ամենահանգիստ օրերը վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններում»,- ընդգծել է նա։
Հաջիևը նշել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը նույնպես դրական է անցել։
«Սակայն դեռևս դժվար է խոսել խաղաղության պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են հետագա բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հավելել է նա։
Բանակցային հարթակների վերաբերյալ Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմի համար վայրը նշանակություն չունի։ «Ամենակարևորը արդյունքն է, մենք հանդես ենք գալիս արդյունքի վրա հիմնված բանակցությունների օգտին` նախապատվությունը տալով ուղիղ բանակցություններին: Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն իրականացվում է անմիջապես Բաքվի ու Երևանի միջև»,- եզրափակել է Ալիևի օգնականը: