05/01/2024 17:04
Բանակցությունները շարունակվում են․ Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։
Sputnik Արմենիայի փոծանցմամբ՝ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բանակցությունները շարունակվում են, և հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։
Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել, թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։ Մասնավորապես Ադրբեջանը նշել էր, որ մեծ առաջընթաց կա, և վերջին առաջարկը տարբերվում է նախորդներից, բազմաթիվ կետեր կան, որոնք ընդունելի են իրենց համար։
«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ ավելի հստակ առաջընթացներ կունենանք։ Բանակցություններն այն իմաստով, որ տեքստեր են փոխանակվում, ընթանում են։ Հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն շուտով կլինի, և դրանց արդյունքում ավելի հստակ հրապարակային կխոսենք»,- նշեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք առաջիկայում հայ-ադրբեջանական բանակցություններ սպասվում են, Գրիգորյանը նշեց՝ Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնել է, այժմ սպասում են գործընկերների արձագանքին։