05/01/2024 15:04
Հայաստանի համար անընդունելի է ահաբեկչական ցանկացած գործողություն․ Վահան Կոստանյանը՝ Իրանի դեպքերի մասին
Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հունվարի 5-ին բացվեց սգո մատյան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից դեսպանություն են այցելել տարբեր պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ՝ իրենց ցավակցությունը հայտնելու Իրանի ժողովրդին:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ընդգծեց՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը որևէ վայրկյան չպետք է դադարի, և պետությունները պետք է շարունակեն միասնական ճակատով պայքարել դրա դեմ, որովհետև դա համամարդկային չարիք է։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարն իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Կոստանյանը։