05/01/2024 19:04
Փաստաբան չհանդիսացող անձը, փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով, մի շարք քաղաքացիներից խաբեությամբ տարբեր չափերի հափշտակություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 33–ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր.Ներսիսիյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ։ Վերջինս, չունենալով փաստաբանի կարգավիճակ, հիմնել է նաև «Օմերտա փաստաբանական գրասենյակ» անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներգրավելով հաճախորդների, կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:
Մասնավորապես, 2020թ․ դեկտեմբերից 2022թ․ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, շուրջ մեկ տասնյակ անձ, նկատելով «Օմերտա» փաստաբանական գրասենյակ անվամբ գովազդային վահանակը, կարծելով, որ հանրային վայրում տեղադրված լինելու պայմաններում ողջամտորեն պետք է համապատախանի իրականությանը, ներս են մտել և ծանոթացել 33–ամյա տղամարդու հետ։ Վերջինս, ներկայանալով պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող արտոնագրված փաստաբան, նաև ընկերության տնօրեն, առաջարկել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով գումարի դիմաց համագործակցել և պայմանագիր կնքել իր և ընկերության հետ։ Մասնավորապես, պետական և ոչ պետական մարմիններից փաստաթղթերի հավաքագրման, հայցադիմում կազմելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու համար վերջիններից պահանջել է մանր և խոշոր չափերի գումար։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ 33–ամյա տղամարդը վստահեցրել է, որ կլուծի նրանց իրավական խնդիրները, վերջիններս էլ վստահելով նրան՝ վճարել են պահանջված գումարները։
Խաբեությամբ գումարին տիրանալը քաղաքացիաիրավական գործարքի ներքո քողարկելու համար 33–ամյա տղամարդը կնքել է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, սակայն դրանցում նշված որևէ գործողություն չի կատարել, որևէ փաստաբանական ծառայություն չի մատուցել՝ խաբեությամբ հափշտակելով նշված գումարները։
Բացի այդ, 33–ամյա տղամարդը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ «Օմերտա» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային տրիբունալի արբիտր, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ուրիշ անձի օգտին օգտագործելու նպատակով, 2021թ․ օգոստոսին կայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող՝ իրավունք վերապահող արբիտրաժային տրիբունալի վճիռ, որը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ։ Դրա համաձայն՝ պետք է հօգուտ քաղաքացու՝ դասընկերոջից բռնագանձվեր պարտավորության չկատարված գումար: ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է կիրառվել վերջինիս պատկանող գույքի և դրամական միջոցների վրա և որոշում է կայացվել նրան պատկանող գույքը՝ հարկադիր աճուրդով իրացնելու մասին, այդ կերպ նրա իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 33–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու (7 դրվագ), առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։