06/01/2024 10:06
Արցախի պետական կառույցների գոյատևումը Մայր Հայաստանում պետք է հիմքը լինի վերադարձի. Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ, և տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։
Այս մասին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագի ժամանակ իր քարոզի ժամանակ հայտարարեց պատարագիչ, Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ցավով շեշտելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները դիմավորում են իրենց փայփայած օջախներից հեռու։
Վրթանես Սրբազանը պատգամեց հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։
Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։
Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք բարձրացրեց առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:
Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա էին նաև Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։