06/01/2024 13:42
2023-ին ՀՀ-ի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների ընտրություններում. ԱԳՆ խոսնակ
2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ անցել է միջազգային կազմակերպությունների բոլոր ընտրություններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցիալական ցանցի X հարթակում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում այն երկրներին, ովքեր սատարել են Հայաստանի թեկնածությունը։ Երախտապարտ ենք բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են համապատասխան փաթեթների վրա»,- գրել է Բադալյանը՝ կից ներկայացնելով միջազգային կազմակերպությունների ցանկը, որտեղ կայացած ընտրություններում հաստատվել է Հայաստանի թեկնածությունը:
- ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրություններում (Commission on Crime Prevention and Criminal Justice) 2024-2026 թթ. համար։
- ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրություններում (Commission on Narcotic Drugs) 2024-2027 թթ. ժամանակահատվածի համար։
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրություններում (Board of Governors of the International Atomic Energy Agency) 2023-26 թթ համար։
- ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրություններում (Committee for Programme and Coordination - CPC) 2024-2026թթ․ համար։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններում (UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict) 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար։