07/01/2024 14:01
ԱՆԻՖ-ի ղեկավար կազմը փոխվել է, տնօրենների խորհրդի նոր անդամներ են նշանակվել, ներդրումային կոմիտեի նախագահը հեռացել է
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, տեղեկացնում է․
«Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։ Ինչպես հայտնի է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհրդի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։
Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը»։