07/01/2024 17:35
Հարց է առաջանում, թե ինչպես է մարզպետն ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ առանց կառավարության որոշման․ Էդգար Ղազարյան
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է․
«ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Կառավարությունը որոշումներ է կայացնում կառավարության նիստերի ժամանակ։
2024 թվականին գումարվել է ՀՀ կառավարության միայն մեկ նիստ, 2024 թվականի հունվարի 4-ին, որի ժամանակ դպրոցական մարզադահլիճների կախիչների պատճառով պաշտոնից ազատվել են ՀՀ կառավարության ենթական քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանը։
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված է 2024 թվականի հունվարի 5-ի մեկ այլ որոշում, համաձայն որի պաշտոնից ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ հունվարի 5-ին ՀՀ կառավարություն նիստ տեղի չի ունեցել, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես է մարզպետն ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ առանց կառավարության որոշման։ Ակնհայտ է, որ մարզպետին պաշտոնից ազատման որոշումը կայացրել է ոչ թե կառավարությունը, ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ, այլ վարչապետը, ինչի իրավունքը նա չունի։
Անիմաստ է այս ակնհայտ ենթադրյալ հանցագործության համար հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը, որոնք ձիգ և կազմ պատրաստ դիմավորում էին Նիկոլ Փաշինյանին ՀՀ Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ և քարշ էին գալիս նրա հետևից հանրակրթական դպրոցի հանդերձարաններում ու մարզադահլիճներում։
Այդ հանցանքի իրավական գնահատականը կտրվի հետագայում՝ քրեական բազմաթիվ գործերի հետ միասին։
Հատկանշական է նաև, որ հունվարի 5-ին պաշտոնից ազատված ՀՀ Արմավիրի մարզպետը հունվարի 6-ին շարունակում էր ուղեկցել Նիկոլ Փաշինյանին` Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ։ Փաստորեն, մարզպետին չեն ասել իր ազատման մասին, կառավարության կայքը չի նայել։ Նա հավանաբար միայն մի բան է հիշում, որ հիփոթեքով բնակարան է ձեռք բերել Երևանում, ուստի անգամ պաշտոնազրկվելուց հետո, պիտի քարշ գալ վարչապետի ոտքերի տակ, որ պարտքը փակի։
Պարույր Սևակն ասում է. «Չեմ հարգում շանն էլ, որին չար տերն անտեղի տեղը որքան ծեծում է, այնքան նա լիզում տիրոջ ոտքերը, իրեն տրորող, ջարդող ոտքերը և կծելու տեղ լոկ կաղկանձում է»: