08/01/2024 14:33
Գլխավոր դատախազն անմեղության կանխավարկածն ինչու է բռնաբարում՝ ասելով, թե քաղբանտարկյալներ չկան, բոլորը կոռուպցիայի գործեր են. Աշոտյան (Տեսանյութ)
Դատական նիստին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խախտել է անմեղության կանխավարկածը՝ հայտարարելով, որ քաղբանտարկյալներ չկան և բոլորը կոռուպցիայի գործեր են։
«Մինչև Նոր տարի տիկին գլխավոր դատախազը հրավիրվել էր Հանրային հեռուստատեսության եթեր և հայտարարեց, որ քաղբանտարկյալներ չկան և բոլորը կոռուպցիայի գործեր են։ Բա եթե պիտակներից վատ են զգում, էս անմեղության կանխավարկածն ինչո՞ւ են բռնաբարում։ Այս դեպքում արդյոք անմեղության կանխավարկածը չի՞ բռնաբարվում, երբ տիկին գլխավոր դատախազը հայտարարում է քաղբանտարկյալներ ընկալվող մարդկանց գործերի շուրջ»,-ասաց նա։
Ըստ Աշոտյանի՝ իրավապահ համակարգը և հանրային հեռարձակողներն առնվազն պետք է պահեն այն կանխավարկածները, որոնք դրված են արդարադատության հիմքում, մասնավորապես, անմեղության կանխավարկածը։
Մեղադրող կողմը նշեց՝ եթե Աշոտյանը գտնում է, որ որևէ մեկը խախտել է իր իրավունքը, նրա փաստաբանները կարող են իրավական ընթացք տալ։