08/01/2024 15:27
Շինծու քաղաքական գործերը կարում եք լոկ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի համար. Գեղամ Մանուկյանը դատարանում անեկդոտ պատմեց (Տեսանյութ)
Աժ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն էր ներկայացրել։ Դատարանում Մանուկյանը հայտարարեց, որ Աշոտյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։
«Հարգարժա՛ն դատարան, մի քիչ հեռվից գամ․ Խորհրդային Միությունում կար մի անեկդոտ, մեկը սպիտակ թուղթ է փակցնում պատին, ոստիկանն ասում է՝ «ի՞նչ ես անում», պատասխանում է՝ «թռուցիկ եմ փակցնում», ասում է՝ «բայց բան չկա գրած», պատասխանում է՝ «մեկա բոլորը գիտեն»։ Իրականում վերջին 5 տարիներին իրավական համակարգը վարժվել է, քաղաքական պատվեր կատարելով՝ աշխարհացունց մեղադրանքներ են ներկայացնում, բազմաթիվ հոդվածներով, որը միայն մեկ նպատակ ունի՝ ՀՀ քաղաքացուն կերցրնել մանիպուլյացիաներով, ստերով, հետո թե ինչ որոշում կլինի, այլևս հետաքրիքր չէ։ Նույնը նաև Աշոտյանին մեղադրաքն է, քաղաքացին լսում է, մտածում՝ առնվազն գնդակահարություն կամ ցմահ ազատազրկում կպահանջեն»,-դատարանում հայտարարեց Գեղամյանը։
Գեղամյանը նշեց՝ միայն այն փաստը, որ նույնիսկ Աշոտյանի քաղաքական հակառակորդներն են երաշխավորագիր ներկայացրել, կամ նրանց ներկայությունը խոսում է այն մասին, որ գնահատում են Աշոտյանին որպես քաղաքացի, աննահանջ քաղաքական գործիչ։
«Երբ այս դատաքննությունն ավարտվի, երբ շինծու քաղաքական գործերը կարում եք լոկ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի համար, և երբ փլվի այս թղթե տնակը, Արմեն Աշոտյանը հասարակությանը հանգիստ կասի՝ տեսաք, որ ես քաղաքական բանտարկյալ եմ»,-ասաց նա։