08/01/2024 16:50
Մենք թույլ չենք տա վիշապ սպանողին դառնալ վիշապ. Զուրաբյանը հայտարարեց՝ Փաշինյանը սկսել է անցնել կարմիր գծերը (Տեսանյութ)
Կալանքի տակ է Արմեն Աշոտյանը, մի մարդ, որն ի տարբերություն իրական թալանչիների, ավելի շատ զբաղված էր իրական քաղաքականությամբ և շատ խիստ քննադատում էր իշխանություններին. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով երաշխավորագիր էր ներկայացրել դատարան՝ Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությամբ։
Զուրաբյանը նշեց․«Մենք, թեև անհաշտ հակառակորդներ ենք Աշոտյանի հետ՝ քաղաքական առումով, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք վիշապ սպանողին դառնալ վիշապ։ Չպետք է թույլ տանք, որ էլեմենտար նորմերը խախտվեն»։
Զուրաբյանը նշեց, որ ԵԽ-ում այս գործը պարզ ձևով պայթելու է, քաղբանտարկյալի սահմանման մասով։ «Արմեն Աշոտյանը միանշանակ քաղբանտարկյալ է»,-հայտարարեց նա։
«Երբ նոյեմբերի 23-ին հավաքվեց ՔՊ-ի համաժողովը և որոշեցին ընդդիմադիրներից իշխանությունը խելել և սկսեց այդ ամենի իրականացումը, արդեն համակարգված գրոհ դարձավ ժողովրդավարական ինստիտուտների վրա։ Տեսնում ենք՝ իրավապահ համակարգը օգտագործվում է այս իշխանության կողմից ապօրինաբար իրենց իշխանությունը ուժեղացնելու համար։ Նա սկսել է անցնել կարմիր գծերը և հանրությունից է կախված թույլ կտա՞, թե՞ թույլ չի տա»,-ասաց նա։