08/01/2024 15:31
Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ երկրների տարածքային ամբողջականության խախտման համար. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարություններին։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար»,- ասել է Քանանին։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը։