08/01/2024 18:47
Իլոն Մասկը հերքել է՝ թմրամիջոցներ չի օգտագործում
Միլիարդատեր, SpaceX և Tesla ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, թե ինքը թմրանյութ է օգտագործում։
Forbes ամսագրի հրապարակման համաձայն, NASA-ն 2018 թվականին Մասկից պահանջել է հստակ երաշխիքներ, որ SpaceX-ի աշխատակիցները չեն խախտում թմրանյութերի օգտագործման արգելքը։ Պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Մասկը ամերիկացի հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի հետ զրույցի ժամանակ մարիխուանա է ծխում։ NASA-ի հետ պայմանավորվածության համաձայն, SpaceX-ի սեփականատերը պարբերաբար պետք է արյան մեջ թմրամիջոցների առկայությունը հաստատող կամ ժխտող թեստ անցներ, որպեսզի որպեսզի նրա ընկերությունը կարողանար պետական պայմանագրեր կնքել ու հասանելիություն ունենալ դրանց։
«Ռոգանի մոտ մեկ անգամ ծխելուց հետո ես համաձայնեցի NASA-ի պահանջով թեստավորում անցնել՝ 3 տարվա ընթացքում։ Թմրանյութի կամ ալկոհոլի հետք անգամ չհայտնաբերվեց»,- այս առնչությամբ գրել է Մասկը՝ X-ի իր էջում։ Նա հավելել է, որ թեստավորում անցել է պատահականորեն ընտրված ժամանակահատվածներում։
Ավելի վաղ էլ The Wall Street Journal-ն էր գրել, որ Tesla-ի և SpaceX-ի տնօրենների խորհուրդը անհանգստացած է, որ Մասկի մոտ հոգեկան առողջության ենթադրյալ խնդիրները, ինչպես նաև նրա կողմից թմրամիջոցների օգտագործումը կարող են ազդել ընկերությունների ճակատագրի, գործունեության և ակտիվների վրա։