08/01/2024 12:20
«Նախկինում դա կարող էր լինել թաքնված և ոչ բացահայտ». Գրիգոր Մինասյանին ուրախացրել է, որ Փաշինյանը թերացած պաշտոնյաներին ազատել է աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցից հետո հրաժարականները ազդակ են Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համար։
«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի աշխատանքն անպայման պետք է ունենա իրենց հետևանքները», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է՝ հասկանալու համար՝ արդյոք այդ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, այնուհետև, եթե աշխատանքը հանձնման-ընդունման ակտերով ստորագրված է, կա՞ այդ տեխնիկական առաջադրանքի և հանձնման-ընդունման ակտի միջև անհամապատասխանություն, թե՞ ոչ։
Եթե առկա լինեն անհամապատասխանություններ, նրա խոսքով, բնականաբար, քրեական վարույթներ կլինեն։
«Ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է և երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ։ Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել թաքնված և ոչ բացահայտ, ի ուրախություն ինձ և, կարծում եմ, մեր բազմաթիվ քաղաքացիների՝ թափանցիկ ու բաց տեղի են ունենում գործընթացներ, դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, անձամբ ինձ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- նշեց Գրիգոր Մինասյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորից հետո այցելել էր Լոռու ու Արմավիրի մարզեր, ծանոթացել կառավարության կողմից իրականացված ծրագրերին ու արձանագրել բազմաթիվ խախտումներ։
Նրա այցից հետո երկու մարզերի մարզպետներն էլ ազատվել էին պաշտոններից։ Աշխատանքից ազատվել էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։