08/01/2024 20:29
«Մեզ չեն վախեցնի․ աշխատել ենք, աշխատում ենք ու կաշխատենք»․ Սանկտ-Պետերբուրգում այրել են Sputnik-ի ռադիոհաղորդավարի տան դուռը
Սանկտ-Պետերբուրգում այրել են Sputnik-ի ռադիոհաղորդավար և «Իզոլենտա» հաղորդաշարի հեղինակներից Տրոֆիմ Տատարենկովի բնակարանի դուռը։ Նա այդ մասին հայտնել է ոստիկանությանը՝ նշելով, որ տեղի ունեցածում «ուկրաինական հետքն ակնհայտ է»։
«Երեկ երեկոյան բնակարանիս դռան մոտ անվադողներ են դրել, տախտակներ բերել, ապա մոլոտովի կոկտեյլ նետել։ Քանի որ դուռը երկաթից է, բնակարանը չի հրդեհվել։ Հրկիզողները հույս են ունեցել, որ բնակարանում մարդ կա։ Մենք տանը չէինք, բայց բնակարանում լույս էր վառվում, այն նկատելի է դրսից՝ պատուհանից»,- «Ռիա Նովոստի»-ին դեպքի մանրամասներն է պատմել Տատարենկովը։
Նա հավելել է, որ հարևանուհին է կրակը նկատելուն պես՝ ԱԻՆ ահազանգել։
Հետո էլ անձամբ Տատարենկովն է դիմել ոստիկանություն։
«Այս պատմությունն ուկրաինական հետք ունի։ Սա պլանավորված, համակարգված աշխատանք է։ Մտածում են՝ մեզ կվախեցնեն, այլևս չենք աշխատի։ Սխալվում են։ Մենք աշխատել ենք, աշխատում ենք ու կաշխատենք»,- ասել է Sputnik-ի ռադիոհաղորդավարը։