09/01/2024 18:39
«Միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են»․ Մաքսային կցորդը՝ Լարսի անցակետում ձևակերպում չանցած 200 բեռնատարների մասին
Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են, «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակն է ներկայացրել Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են և դեռևս Լարսում ձևակերպված չեն: Դրանց մի մասն արդեն անցել է սահմանը, ռուսական կողմում ձևակերպում են ստանում, մյուս մասը վրացական կողմում կամ մինչև արգելափակված հատվածում են, կամ արդեն անցել են, սպասում են ընթացքը շարունակելուն»,-ասել է Հակոբյանը:
Մաքսային կցորդը վստահեցրել է՝ միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, Խաչի լեռնանցքում հաճախ ձյան, մերկասառույցի պատճառով բեռնատարների համար երթևեկությունը սահմանափակվում է:
«Այս պահի դրությամբ էլ սահմանափակված է: Ձնամաքրման աշխատանքներից հետո սպասում ենք, որ ճանապարհը կրկին երթևեկելի կլինի նաև բեռնատարների համար»,-ասել է Հակոբյանը:
Ըստ նրա՝ կան փչացող ապրանքներ, բայց այս պահի դրությամբ շատ չեն:
Իսկ Ռուսաստանից եկող ուղղությամբ բեռնատարները քիչ են՝ մի քանի տասնյակ, հիմնական մասն անցել է:
Մաքսային կցորդը նշել է․ «Այս պահին ոչ մի այդպիսի խնդիր չունենք, որի համար անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ բնականոն ռեժիմով իրականացվում է, մեր բեռները ձևակերպվում, անցնում են Ռուսաստանի սահման»։