09/01/2024 20:36
«Սնարյադների» բեկորները գլխներիս էին լցվում․ ադրբեջանցիները կրակում էին նաև կանանց ու երեխաներին տեղափոխող «Ֆորդ»-ի վրա․ Օկուպացված Խրամորթի գյուղապետ («Փաստինֆո»)
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գլխավերևում՝ Քարագլուխ կոչվող բարձունքում, ադրբեջանցիները նստել էին դեռևս 2022թ․ մարտից։ 2023թ․ սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ զգոն լինելու հրահանգ են ստանում վերևից, Խրամորթի գյուղապետը վերահաս վտանգը զգալով՝ կապ է հաստատում վարչակազմի ղեկավարի հետ։
«Ամսի 19-ին էլ է համար 1 լինում, բայց դրանից մեկ շաբաթ առաջ էլ գրեթե ամեն օր համար 1 էր, այսինքն՝ ակնհայտ էր, որ լարվածության աճ կա։ Քանի որ մեր գյուղը երեք կողմից շրջափակված էր, իսկ միակ ճանապարհը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ, զանգեցի վարչակազմի ղեկավարին, որ տեսնեմ ինչ վիճակ է, տարհանե՞մ բնակչությանը, թե՞ չէ։ Ինքը թե՝ դեռ բան չկա, մի շտապիր։ Մեր խոսակցությունից մոտ կես ժամ անց սկսվեց․ ծանր հրետանի սկսեց աշխատել միանգամից, նույն պահին կապի բոլոր միջոցները կտրվեցին՝ ո՛չ հեռախոսով զանգել էր լինում, ո՛չ ինտերնետ կար, ո՛չ հոսանք․․․ Տների վրա թեպետ չէին կրակում դեռ, բայց գերեզմանների մեջ «սնարյադներ» էին ընկել, բեկորները գլխներիս էին լցվում։ Շուրջբոլորը՝ բարենպաստ դիրքերում ադրբեջանցիներն էին, մեր դիրքերն էդքան էլ հաջող տեղադիրք չունեին»,- «Փաստինֆո»-ին պատմել է օկուպացված Խրամորթի գյուղապետ Հովսեփ Օհանյանը։
Ադրբեջանական հարձակումից երկու-երեք ժամ անց, տեսնելով, որ որևէ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում, ոչ էլ ինֆորմացիայի փոխանակման տարբերակ կա, Օհանյանը որոշում է տարհանել բնակչությանը։
«Գյուղի բնակչությունը դպրոցի ապաստարանում էր։ Դա մեր ունեցած միակ ապաստարանն էր։ Դպրոցն էլ գյուղի ներքևի մասում է։ Մտածում եմ՝ եթե, Աստված չանի, մտնեն գյուղ, բոլորին կոտորելու են։
Քանի «Ֆորդ» կար գյուղում, կանգնեցնում ենք, կանանց ու երեխաներին լցնում ու ուղարկում դեպի Իվանյան։ Առաջինը շարժվում է իմ «Ֆորդը»՝ հայրս է քշում, չհասած Ասկերանի տանկի մոտ ադրբեջանցիները կրակում են մեքենայի վրա։ Բարեբախտաբար, մի քիչ հեռու է ընկնում արկը։ Կես ժամը մեկ դուրս են գալիս մյուս մեքենաները։ Սկզբում մտածում եմ՝ անտառներով, սարերով դեպի Խնապատ հանեմ ժողովրդին, բայց սարերի վրա խփում էին, դրա համար որոշում եմ էդ ճանապարհով տարհանել»,-պատմել է գյուղապետը։
Խրամորթից դուրս եկող մեկ այլ՝ այլընտրանքային ճանապարհ էլ կար, բայց դժվարանցանելի էր ու ավելի վտանգավոր, քան հիմնական ճանապարհը՝ թեպետ այն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ էր։
«Ռուսները բացի գյուղի ներքևում ունեցած երեք դիրքերից, նաև Քարագլխի հատվածում էին կանգնած՝ մեր ու ադրբեջանցիների արանքում։ Երբ որոշում եմ տարհանել կանանց ու երեխաներին, իրենց հրամանատարին ասում եմ՝ մի տեխնիկա տվեք, որ դպրոցի մոտ կանգնի, մինչև հանեմ ժողովրդին, որպեսզի չկրակեն։ Ասում է՝ չունենք, եթե կգտնես, կտամ։ Մի քանի օր առաջ նրանց տեխնիկան հանել էին մեր մոտից»,-պատմել է բռնի տեղահանված Օհանյանը։
Խրամորթից կանանց ու երեխաներին դեպի Իվանյան տարհանելուց հետո գյուղի տղամարդիկ ամրանում են դպրոցի մոտ՝ ձորից թշնամու զորքերի հնարավոր ներթափանցում թույլ չտալու, անհրաժեշտության դեպքում էլ զորքին օգնության հասնելու համար։
«Մինչև ամսի 20-ի կեսօրն այդտեղ մնում ենք, կեսօրից հետո, երբ արդեն պարզ է դառնում, որ ամեն ինչ ավարտված է, կամաց-կամաց հետ ենք գնում։ Կանայք ու երեխաները մինչև ամսի 23-ը Իվանյանի նկուղներում էին։ Քանի որ ուտելու բան էլ չկար, երկու անգամ մի քանի հոգով գյուղ ենք գնում, եղած-չեղածից բերում, որ յոլա գնանք։ Դրանից հետո էլ գյուղ մտնել չենք կարողանում, քանի որ տեսախցիկներով տեսնում ենք, որ թուրքերը մտել են գյուղ, շրջել ներսում։ Որոշում ենք, որ ավելի լավ է՝ նորից ռիսկի չդիմենք»,-ասել է գյուղապետը։
Իվանյանից արդեն դեպի Հայաստան՝ բռնագաղթի ճանապարհն են բռնում խրամորթցիները։
Նրանք 2022թ․ մարտին ադրբեջանական ներխուժումից հետո, անտեսելով իրեն գլխավերևում հաստատված թշնամու ահաբեկիչներին, վերադարձել էին տուն, բայց այս անգամ ճարահատյալ հեռանում են իրենց հողից։
Գյուղացիներն ապաստանել են ՀՀ տարբեր մարզերում․ նրանց գերակշիռ մասն աշխատանք չի գտել առ այսօր․․․