09/01/2024 14:37
Վարդենիսում սպային սպանած զինվորը ձերբակալվել է. նոր մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել այսօր Վարդենիսի պոստերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։
Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի բոլոր ապացուցողական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։