10/01/2024 12:09
Տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն. Միրզոյան (Տեսանյութ)
Դեկտեմբերի վերջին օրերին ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հունվարի 4-ին մենք փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց՝ տեքստի որոշ մասերով, և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։ Շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա, ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են։ Անկախ նրանից, թե տվյալ հերթական առաջարկի որևէ մի հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Նախարարն ասաց, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։
«Որևէ անորոշություն մեծ հիմք և պարարտ հող է հետագա ագրեսիաների և էսկալացիաների համար։ Եթե խաղաղություն ենք հաստատում, ապա այնպիսի խաղաղություն ենք հաստատում, որով հիմքեր չեն դրվի հետագա էսկալացիայի համար»։