10/01/2024 15:44
ԿԲ-ն ասաց, որ շուկայում տների գների 26%-ը գոնե փուչիկ է, արդեն կա տենդենց, որ բնակարաններն առաջարկում են որոշակի ցածր գնով. Նարեկ Ղահրամանյան
Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը նաև մարզերում չգործելու նախագծի քննարկմանը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դեռևս այն ժամանակ էր ասում, որ նախագիծը չարիք է և կողմ է Երևանում շինարարության ավարտին, բայց պնդեց, որ մարզերում պետք է հնարավորություն տալ, որ շինարարությունը զարգանա, մարդիկ կարողանան բնակարաններ գնել եկամտահարկի վերադարձի պայմանով։
«Ինչո՞ւ եք վախենում,Գյումրիում, Ապարանում թող մնա էլի, ի՞նչնա խանգարում»,-ասաց Աղազարյանը։
Նիստը վարող Բաբկեն Թունյանը նշեց, որ եթե ասում է չարիք է, ուրեմն Գյումրիում էլ է չարիք։
ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նշեց, որ այս տեմպերով, եթե գնա, ապա պետությունը ստիպված կլինի տարեկան 100 մլրդ դրամի եկամտահարկի վերադարձի սահմանին հասնել։ «Եթե հիշում եք ԿԲ-ն ասեց, որ շուկայում տների գների 26 տոկոսը գոնե փուչիկ է։ Իսկ դա 250 մլն դոլար է, պետք է հասկանալ, արժե՞ այս ծրագրի համար օգտագործել այդ գումարը, լուծո՞ւմ է սոցիալական խնդիրները»,-ասաց նա։
Նիստին հայտարարեցին՝ Երևանում արդեն կա տենդենց, որ բնակարանները շինարարները առաջարկում են արդեն որոշակի ցածր գնով։