10/01/2024 12:11
Քննարկվել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը. Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Ներկայացվել են կառավարության որոշմամբ ներդրված ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Այս համատեքստում, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարեսկզբին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների վիճակագրական տվյալներին, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության շրջանակում կատարված աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերին, առաջիկա անելիքներին և պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք այլ թեմաների:
Անդրադարձ է կատարվել Զինված ուժերում առկա խնդիրներին, ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը: