10/01/2024 13:43
Ասում եք՝ 2016-ին նախարարն Արծվիկ Մինասյանն էր, ես էլ չգիտեմ՝ 16-րդ դարում ով էր, 5 տարի էլ դուք եք իշխանության, դժբախտաբար. Ավետիսյանը՝ Վարդանյանին
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին քննարկվում էր ՀՀ հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, առաջարկվում էր 2016թ.-ին ընդունված հարկային արտոնությունը հանել, քանի որ գործարար միջավայրին այն չի հետաքրքրում և այս տարիների ընթացքում ընդամենը 4 կազմակերպություն էր դիմել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանով վատ մեսիջ է ուղարկվում գործարար միջավայրին, ինչին ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ նախագիծն անարդյունավետ է եղել և այն ընդունվել է այն ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախարարն Ավետիսյանի գործընկեր Արծվիկ Մինասյանն է եղել։ «Լավ կլիներ՝ նրան հարցերը ուղղեիք, որովհետև նախագիծը, ինչպես տեսնում ենք, չի ծառայել նպատակին»,-ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ արձագանքեց. «Ասում եք՝ նախարարն Արծվիկ Մինասյանն էր, ես էլ չգիտեմ՝ 16-րդ դարում ով էր էկոնոմիկան ղեկավարում, Տիգրան Մեծը, ասում են, չնայած՝ էտ ժամանակ ինքը չկար։ Հիմա բերել ենք, 10 տարի անցել է, 5 տարի էլ կարծեմ դուք եք իշխանության, դժբախտաբար, հիմա այս իրավիճակում քննարկում ենք խնդիր, որն առկա է։ Ասում ենք՝ եկեք դիտարկենք բոլոր տեսանկյունից։ Հներ, նորեր ես չէի ուզում քննարկենք, բայց կարանք քննարկենք այդ խնդիրները»,-ասաց նա։