10/01/2024 13:31
Առափիում ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են կալանավորվել ապօրինի թմրամիջոցներ պահելու համար
Aravot.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։ Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց.
«Առափի բնակավայրում հունվարի 6-ին ավտոմեքենայում գտնվող անձանց մոտ առերևույթ ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի ներկայացվել է մեղադրանք։ Նրանցից մեկին, ով ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդին, ով ՌԴ քաղաքացի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանության կողմից ձերբակալված՝ նշված ավտոմեքենայում գտնվող ևս 2 անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի տրամադրվում»։