10/01/2024 17:02
Պատահական չէ, որ այս գործի անունը դրել ենք «Արցախը չհանձնողների գործ». Արսեն Բաբայանը պնդում է, որ արցախցի երիտասարդների կալանքներն ապօրինի են կիրառված
Պատահական չէ, որ այս գործի անունը դրել ենք «Արցախը չհանձնողների գործ». սեպտեմբերի 19-20-ի ցույցերով կալանավորված արցախցի երիտասարդների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը, ով պնդեց, որ կալանքներն ապօրինի են կիրառված։
«Հետաձգված միջնորդությունների որոշումներից հետո, շատ ավելի պարզ կլինի քաղաքական մասնակցությունն այս դատավարությանը»,-ասաց նա։
Արսեն Բաբայանը նշեց, որ երիտասարդներից 4-5 հոգի կալանքի տակ են։
«Կալանքի տակ են պահվում այն մեղադրյալները, որոնք մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, իսկ նրանք, ովքեր զանգվածային անկարգության կոչ ուղղելու մեղադրանքով են, այդ անձանց նկատմամբ կալանավորում չի կիրառվել»,-ասաց նա և նշեց, որ ակնհայտ է՝ կալանավորման հիմքերը նորմալ վերլուծված չեն, որոշումն էլ օբյեկտիվ չէ։