10/01/2024 16:46
Առաջարկվում է, որ 24 մլն դրամը գերազանցող բոլոր առևտրի կենտրոններն աշխատեն տեսախցիկների ներքո
24 մլն դրամը գերազանցող բոլոր առևտրի կենտրոնները գումարի վճարման հատվածում պետք է տեսախցիկներ տեղադրեն։
«Առաջարկվում է 24 մլն դրամը գերազանցող բոլոր առևտրի կենտրոններին պարտադրել ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն, որպեսզի հետագայում, երբ այդ տնտեսվարողը չընդունի իր մոտ հսկիչ գնման փաստը, կարողանա, որպես իր համար բարենպաստ հանգամանք, տեսաձայնագրումը վկայակոչել և ապացույցներ ներկայացնել»,- Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ նաև փոփոխություն կա իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավելու ընթացակարգի մեջ, որտեղ նաև դատական հսկողություն է սահմանվելու, որից էլ բխում է վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունը։ Մասնավորապես, էլեկտրոնային կրիչներ առգրավելուց հետո, դրանց զննությունը թույլատրվում է միայն նախնական դատական հսկողությամբ։
«Ենթադրվում է, որ լիենու է տեսախցիկ, որը ծածկելու է գումարի վճարման հատվածը, գումարը տալ հսկիչ դրամարկղային կտրոնը ստանալ, ու, ենթադրում եմ, որ կարգավորումն այնպես լինի, օբյեկտիվի ռակուրսից դուրս մնա, դա էլ խախտում կհամարվի», - մանրամասնեց նիստը վարող Բաբկեն Թունյանը։
Բադասյանը հավելեց, որ այս նախագծի նպատակն այն է, որ ապացուցման բեռ լինի։ «Ոչ թե մենք ասում ենք, որ եթե չանես մենք քեզ պատասխանատվության կենթարկենք, այլ որ եթե դու ուզում ես ասես, որ մարդ չի եկել, պահպանիր տեսաձայնագրությունը և վկայակոչիր»,-ասաց նա։