10/01/2024 17:59
Զինվորները բանակ են բերում իրենց ընտանիքի, փողոցի մշակույթը. ՔՊ-ական պատգամավոր
Ինչքան էլ բարեփոխումներ իրականացվեն բանակում, ինչքան էլ դրանք արդյունքի հասնեն, բանակում միշտ հանցագործություններ եղել և լինելու են, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Ուղղակի դրանք պետք է հասցվեն նվազագույնի, հնարավորինս պետք է բացառել, բայց ամբողջովին բացառել հնարավոր չէ»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին բանակում միանգամից երկու մահվան դեպքերին:
«Ցանկացած նման դեպքից հետո, խնդիրները պարզելուց հետո պետական կառավարման մարմինը միջոցառումներ է ձեռնարկում, որ նպաստող պայմաններն ու պատճառները վերացվեն:
Ոչ կանոնադրական հարաբերությունները զինված ուժերում բավականին նվազել են, տարեցտարի նվազում են, բայց դա մեր ցանկալի արդյունքը չէ: Պետք է հաշվի առնել, որ այդ նույն զինվորները գալիս են քաղաքացիական կյանքից, նրանք դաստիարակություն են ստանում իրենց ընտանիքներում, դպրոցում, փողոցում եւ հանրության մեջ եղած մշակույթի փոխանցվում է բանակ՝ ավելի խտացված գույներով: Բանակը ստանում է մի սուբյեկտ, որն արդեն ունի իր արժեհամակարգը: Մեր խնդիրն է, որ բանակից հետո այդ մարդիկ այլ արժեհամակարգով, այլ դաստիարակվածությամբ, անգամ այլ ֆիզիկական տվյալներով հետ վերադառնան տուն: Բայց դա անելը բավականին դժվար է»,- ասաց Խաչատրյանը: