10/01/2024 14:43
Տղայիս շատ բարձր պաշտոններում եմ տեսնում, բայց որոշում կայացնողը ես չեմ. Հովիկ Աղազարյանը համոզված է՝ տղային կուսակցությունն անգործ չի թողնի
Ուրիշ տեղ ինքը կանցնի աշխատանքի, այդտեղ որևէ խնդիր չկա. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից և նրա փոխարեն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։
«Նորքի Մասիվում նոր թիմ է ձևավորվել, հետևաբար, այդ նոր թիմը պետք է ղեկավարի, դա չի նշանակում աշխատանքից հեռացրել են, ուղղակի չեն վերանշանակել։ Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ որ ձևավորվեց մեր կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության դաշինքը, Նոր Նորքի փոխթաղապետ նշանակվեց «Հանրապետություն» կուսակցությունից և պայմանավորվածությունների շրջանակներում, երբ իմ տղայի պաշտոնավարման ժամկետը լրացավ, չվերանշանակվեց»,-ասաց նա։
Աղազարյանը նշեց, որ իր տղան կազմակերպված, պարտաճանաչ, շատ լուրջ երիտասարդ է։ «Եվ ուստի հնարավոր չէ, որ ինքն այդ իմաստով բացթողումներ ունենա, ուղղակի չի վերանշանակվել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե կարծում է կուսակցությունը դեռևս նրա կարիքը կունենա՞ և նոր աշխատանքի անցնելու հարցում առանց իր միջնորդության էլ կուսակությունը նոր գործով կապահովի՞՝ ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, համոզված եմ»։
Իսկ նույն պարտականությունների շրջանակներո՞ւմ կլինի, թե՞ ավելի առաջխաղացում կունենա՝ պատասխանեց. «Դե արդեն որոշում կայացնողները կորոշեն էլի, ես որոշում կայացնող չեմ։ Ես իմ տղային շատ բարձր պաշտոններում եմ տեսնում օբյեկտիվորեն, ոչ թե որպես հայր, բայց դե որոշում կայացնողները պետք է որոշեն։ Ես այդ բնագավառում որոշում կայացնող չեմ»։
Հարցին, թե նաև այս որոշումը արդյո՞ք չի հաստատում, որ կուսակցությունում կան թեևեր, որ եթե իրար դեմ չեն, ապա գոնե իրար հետ էլ չեն՝ պատասխանեց. «Ես չեմ ասի, որ կան թևեր, բայց որ բազմահազարանոց համախմբությունում կլինեն տարաձայնություններ, իհարկե, կլինեն, ինչի՞ մասին է խոսքը»։