10/01/2024 16:08
Մենինգոկոկային վարակից մահացել է թիվ 54 մանկապարտեզի աշխատակիցը. կոնտակտավորների մոտ դեպք չի գրանցվել. նրանք պատվաստվել են
Երեկ Aravot.am-ը գրել էր, որ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երևանի թիվ 54 մանկապարտեզում: Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը և վերջինս հունվարի 3-ին մահացել է: Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ։
Հունվարի երեքին՝ դաշնակահարուհու մահից հետո, մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են:
«Դեկտեմբերի 31-ին ճշտումներն անելուց հետո, հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել եւ պարտեզի երեք սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրությամբ՝ ոչ մեկի մոտ չի հաստատվել վարակը, բացասական է եկել պատասխանը»,- ասել է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:
Aysor.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է.«Այն տարբեր շճատիպ ունի և բնորոշվում է կլինիկական տարբեր ձևերով, սկսած թեթև ձևերից մինչև ծանր, գեներալիզացված ձևերի։ Թեթև ձևերը կարող են լինել նազոֆարինգիտի տեսքով, դրանք սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներն են։ Իսկ ծանր ձևերը մենինգիտներն են՝ հարուցված մենինգոկոկային վարակով, դրանք ծանր ընթացք են ունենում»։
Գրիգորյանի խոսքով՝ վարակի աղբյուրը հիվանդ մարդն է․«Այս հարուցիչն ունի մի առանձնահատկություն։ Այն կարող է առաջացնել առողջ վարակակրություն։ Այսինքն՝ տվյալ անձը չիմանա, որ ինքը հիվանդ է, բայց շրջապատի համար վարակի աղբյուր հանդիսանա։ Տարբեր գրականություններում նշվում է, որ վարակակրությունը դեռահասների և մեծահասակների մոտ կարող է տատանվել 10 տոկոսի սահմաններում։ Սակայն, լավն այն է, որ այն մեր հանրապետություն քիչ է գրանցվում, հետագայում տարածում չի ստանում։ Կոնկրետ այս պարագայում ունենք մեկ դեպք, որը գրանցվել է մանկապարտեզի աշխատակցի մոտ։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ տարածման դեպքեր չեն գրանցվել, քանի որ իր գաղտնի շրջանն առավելագույնը 10 օր է, իսկ 10 օրն անցել է և կոնտակտային անձանց մոտ մենինգոկոկային վարակ չի հայտնաբերվել»։
ԱՆ մասնագետը նշեց, որ կանխարգելիչ միջոցառումները երկու մասի են բաժանվում.«Մի մասը կոնտակտավոր անձանց ամենօրյա բժշկական հսկողությունն է, նաև, ըստ անհրաժեշտության, մանրէաբանական հետազոտությունը։ Իսկ մյուսը կանխարգելիչ պատվաստումների իրականացումն է, այս դեպքում համաճարակաբանական ցուցումով։ Բոլոր այն անձինք, ովքեր շփում էին ունեցել դաշնակահարուհու հետ, իրենք դիմել են պոլիկլինիկա և պատվաստվել են»։