10/01/2024 18:13
«Մամա, ես տեսել եմ՝ ինչպես է Միքայելը մահանում...». Սառնաղբյուրցի ընտանիքը մի օրում երկու որդի է կորցրել
Զարինե Ղազարյանը սարսափելի դրվագներ է հիշում սեպտեմբերի 19-ին իր ընտանիքի հետ կատարվածից։ Ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով նրա 2 որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Կինը MediaHub-ին պատմել է, որ այդ օրն իր 4 տղաները՝ Միքայելը, Նվերը, 6-ամյա Սեյրանն ու մեկ տարեկան Կարենը միասին են եղել տանը, երբ սկսվել է պատերազմը։ Ինքը, գյուղից ևս մի քանի հոգի հերթական անգամ ոտքով գնացել են Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։
«Արցախը շրջափակման մեջ էր, խանութները՝ դատարկ։ Հայթայթում էինք՝ ինչ կարող ենք։ Գնալիս երեխաներն ասացին՝ «մամա, հետդ շոկոլադ կբերես», այդպես էլ չհասցրի»,-արտասվել է 33-ամյա կինը։ «Պատերազմի առաջին կրակոցները երբ լսեցի, անմիջապես զանգել եմ մեր համայնքի ղեկավարին, աղաչել, որ երեխաներին տեր կանգնի, մենակ չմնան, կվախենան։ Ես պատրաստվում էի ոտքով նորից գնալ Սառնաղբյուր, չթողեցին, ասացին վիճակը շատ վատ է, կրակում են ամեն տեղ, գյուղապետն էլ վստահեցրեց, որ իր հետ են արդեն երեխաները»։
Գարիկ Ալեքսանյանն իր ընտանիքի անդամներին, գյուղի երեխաներին ու մյուս բնակիչներին տարհանել ու տեղափոխել է անտառ, որտեղ ադրբեջանական զինուժը ժամերով կրակել է այդ ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ու զոհեր շատ է ունեցել Սառնաղբյուրը։ Գյուղի աղջիկներից մեկը, որպես ապացույց, իր հեռախոսով մի քանի րոպեանոց տեսանյութ է նկարահանել։ Ավելի ուշ Զարինեն տեսել է.
«Խելագարվել եմ, երբ տեսել եմ․ առաջին կադրերում երեխաներս ձեռքերն առաջ բերած դեպի երկինք էին նայում, աղոթում։ Հաջորդ կադրում Միքայելս արնաքամ էր լինում»,- պատմել է մայրը ու նշել՝ փոշմանել է, որ դիտել է տեսանյութը։
Նույն օրը ադրբեջանական զինուժի անդադար հարվածներից տեղում մահացու վիրավորում են ստանում Զարինեի 2 որդիները, գյուղապետի 15-ամյա տղան՝ Դավիթը, հայրն ու կնոջ մայրը՝ Գոհարը: «Ես Ասկերանում եմ եղել, երբ շտապ օգնության մեքենան Սառնաղբյուրից իջեցրեց վիրավորներին, նրանց մեջ նաև իմ 6-ամյա որդին էր՝ Սեյրանը։ Ես գոռում էի՝ ո՞ւր են երեխաներս, որտե՞ղ են մյուսները, բայց հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ես ուշաթափվել եմ։ Բժիշկներն անընդհատ ինձ սրսկում էին, որ քնեմ, երևի գիտեին, որ չեմ դիմանա։ Մյուս տղաս՝ Սեյրանը, երբ արդեն ուշքի էի եկել, հիվանդանոցում ասաց՝ «մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում, իսկ Նվոյին չեմ տեսել»,- կյանքի սարսափելի դրվագի մասին է պատմել Զարինեն։
Զոհվելուց 4 օր անց է միայն հաջողվել դիերն իջեցնել գյուղից։ 8-ամյա Նվերին և 10-ամյա Միքայելին ծնողները հուղարկավորել են Մասիսում։ Ընտանիքը սկզբնական շրջանում հաստատվել էր այնտեղ, բայց տանտերը բնակարանը վերանորոգելու պատճառով խնդրել է նրանց դուրս գալ։ Զարինեն այժմ ամուսնու և մանկահասակ 2 որդիների հետ ապրում է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ 6-ամյա Սեյրանը բեկորային բազմաթիվ վիրավորումներ ստանալուց հետո մինչ օրս շարունակում է բուժվել։
Ղազարյանների ընտանիքը սոցիալական ու դրամական աջակցության կարիք ունի։ Երեխաներին հասանելիք նպաստն առայժմ չեն տրամադրում...