11/01/2024 14:17
Նման դեպքեր, ցավոք, եղել են ու այսօր էլ կան. Պաշտպանության փոխնախարարը՝ բանակում սպանության երկու դեպքի մասին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի մեկնաբանում Վարդենիսում արձանագրված սպանության երկու դեպքերը։
«Լավ կլինի սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ նման դեպքեր, ցավոք, եղել են ու այսօր էլ կան։
«Որպեսզի տվյալները դառնան փաստական հանգամանքեր, ցանկալի է խոսել քննության արդյունքների մասին»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Վարդենսիում երկու ողբերգական դեպք է արձանագրվել։
Ժամը 06:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նրա սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել։
Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նա, ըստ Քննչական կոմիտեի, ինքասպան է եղել։